Լոս Անջելեսում դատարանի կայացրած վճիռը կարող է շրջադարձային լինել ամբողջ թվային արդյունաբերության համար՝ հաղորդում է BBC-ն: Դատարանը փաստացիորեն ընդունել է, որ Instagram-ը և YouTube-ը չեզոք ծառայություններ չեն, այլ համակարգեր, որոնք միտումնավոր նախագծված են կախվածություն առաջացնելու համար:
Պատասխանատվությունը դրվել է նրանց սեփականատերերի՝ Meta-ի և Google-ի վրա։ Այժմ ընկերությունները պարտավոր են 6 միլիոն դոլար վճարել 20-ամյա աղջկան, որը պնդում է, որ հարթակներն իրեն հասցրել են դիսմորֆիայի (իր ֆիզիկական դեֆորմացիայի մասին սևեռուն մտքեր), ընկճախտի և ինքնասպանության մտքերի:
Հիմնական եզրակացությունն այն է, որ կորպորացիաները գիտեին, որ իրենց տարածած նյութերի բովանդակությունը ռիսկային է դեռահասների համար, բայց բավարար միջոցներ չեն ձեռնարկել օգտատերերին պաշտպանելու համար:
Որոշումն արդեն իսկ համարվում է շուկայի համար կարևոր ազդանշան: Փորձագետները նշում են, որ ավարտին է մոտենում այն դարաշրջանը, երբ սոցցանցերը գործում էին՝ պատասխանատվություն չկրելով իրենց գործողությունների հետևանքների համար:
Ընկերություններն արդեն պատրաստվում են բողոքարկել որոշումը. Meta-ն պնդում է, որ մեկ հավելվածը չի կարող հոգեկան առողջության ճգնաժամ առաջացնել դեռահասի մոտ, Google-ն էլ պնդում է, որ YouTube-ը սոցիալական ցանց չէ:
Meta-ն և Google-ը հսկայական գումարներ են ծախսել պաշտպանության վրա, քանի որ այս և նմանատիպ դատական գործընթացները հսկայական նշանակություն ունեն նրանց համար։
Դատական հայցերում նշված ևս երկու ընկերություն՝ TikTok-ը և Snapchat-ը (որը պատկանում է Snap Inc.-ին), դիմել են հայցադիմումների մինչդատական կարգավորման: Լուրեր են պտտվում, որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ նման պայքար: