Հասարակական տրանսպորտի սուր խնդիրը հատուկ է նաև Շիրակի մարզին: Բնակավայրերն իրար կապող տրանսպորտից օգտվելը այստեղ ապրողների համար վաղուց գլխացավանք է:
Միջհամայնքային տրանսպորտը հաճախ վատ է աշխատում կամ ընդհանրապես չկա: Ավտոբուսներ գրեթե չկան, եղած «ԳԱԶել»-ներում էլ ուղևորները ստիպված են լինում երթևեկել խցկված:
Գյումրիում գործող «Դիալոգ մեդիա կենտրոնը» հարցումներ է իրականացրել ու քննարկում հրավիրել: Միջոցառմանը մասնակցելու համար Աշոցքի համայնքապետարանից ժամանած Աշոտ Հովհաննիսյանն էլ նախ հետաքրքրվել է՝ որքան կտևի քննարկումը:
Աշոտ Հովհաննիսյան (Աշոցքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ) - Ես ինչու էդ հարցը տվեցի, որ իմանամ՝ ոնց կարող եմ վերադառնալ, որովհետև ես եկել եմ տաքսիով, ժամը 14.30-ից, 15.00-ից հետո դեպի Աշոցք գնացող տաքսի դժվար կգտնեք:
Շիրակի մարզի ամենահյուսիսային՝ Աշոցք համայնքի կազմում 25 բնակավայր կա: Կենտրոնի հետ կապող հասարակական տրանսպորտ ոչ մի ուղղությամբ չի գործում: Աշոցքից Գյումրի մեկնող միակ «Սպրինտերն» էլ աշխատում է, եթե ուղևորները քիչ չեն: Հովհաննիսյանը նշեց` համայնքն ավելի քան 300 ուսանող ունի, որոնցից 100-ը սովորում են Գյումրիում ու ճանապարհի վրա ամեն օր ծախսում են 1400 դրամ: Շիրակի մարզում միջհամայնքային հասարակական տրանսպորտ եթե աշխատում էլ է, ոչ` երեկոյան ժամերին:
Մարզպետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ չնայած մի քանի անգամ միասնական օպերատոր ընտրելու մրցույթ են հայտարարել, հաղթող կազմակերպություն դեռ չկա: Այդ պատճառով էլ ժամանակավոր պայմանագրերի հիման վրա շարունակում են աշխատել նախկինում երթուղիները սպասարկելու իրավունք ձեռք բերած ընկերությունները՝ չթարմացվող ռեսուրսով:
Խաչատուր Խնձրցյան (Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Դրանք 35 երթուղիներ կդառնան, որի մեջ մտնում է Գյումրի-Երևանը, այսինքն՝ նաև միջմարզային երթուղիները կմիավորվեն, որպեզի հնարավոր լինի ոչ շահութաբեր և շահութաբեր երթուղիների խմբավորմամբ ստեղծել մեկ օպերատորով շահագործվող երթուղային ցանց, որով հնարավոր կլինի այն բնակավայրերը, որոնք այս պահին տրանսպորտային միջոց չունեն ոչ շահութաբերության պատճառով, սպասարկող կազմակերպությունը պարտավորվում է սպասարկել նաև այդ երթուղիները:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ համայնքը իրավասու է ներհամայնքային երթուղի ձևավորել և մրցույթով ընտրել սպասարկող կազմակերպությունը: Այս դեպքում պետական բյուջեից խոստացվում է 50 տոկոս համաֆինանսավորում՝ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես, օրինակ՝ Գյումրիում է արվել: Բայց Շիրակի մնացած համայնքները նման նախաձեռնություն չեն ցուցաբերել:
Հեղինակ` Աննա Զախարյան