2011-ին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, դրանից հետո՝ 2014-ին, Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսվեց պատերազմ. դրա արդյունքում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրվեցի՞ն, ո՛չ՝ հակառակը՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմը բռնկվեց սեպտեմբերի 27-ին, բայց այդ պատերազմը օդի՞ց էր ընկել, բա ապրիլին և դրան նախընթաց շրջանում ի՞նչ էր տեղի ունեցել: Որ ժամանակին բարձրաձայնում էինք, որ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է վատ հետևանքների... իսկ դա արվել է հանուն իշխանության, մինչդեռ կարող էր ասել, որ առանց Ղարաբաղի չի բանակցում, ոչինչ էլ տեղի չէր ունենա:
1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողվում կոնսենսուսով ընդունվել է Եվրոպայում անվտանգության խարտիան: ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է և կողմ է քվեարկել: Ի՞նչ է գրված այդ փաստաթղթում. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլև պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում ներառված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»:
ԼՂ-ին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, կողմ ես քվեարկում այդ խարտիային և հետո ի՞նչ ես ուզում:
Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո: Մենք ասել ենք՝ ԼՂ հարցում նույն կետից չենք սկսելու: Սերժ Սարգսյանն ասում էր՝ «լավատեսության տեղ չեն թողնում, և անընդունելի են Ադրբեջանի ակնկալիքները»: Այսինքն՝ մենք պետք է ընդունեի՞նք այդ անընդունելի պայմանները: Ո՛չ, մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ ամենի դեմ, չենք հանձնվել, կռիվ ենք տվել:
Մենք 5000 զոհ չունենք, դա նորմա՞լ է, որ ասում են՝ 5000 մարդ տարավ կոտորեց... Իմ ընտանիքի կողքով էլ չի անցել էդ պատերազմը, իմ տղան եղել է այնտեղ, որտեղ տվել ենք ամենամեծ զոհերը, իմ որդու կողքի զինվորը զոհվել է ականանետի պայթյունից, նա զոհվել է, իմ տղան՝ ոչ, բայց ոչ ոք չէր կարող որոշել, որ նա պետք է զոհվեր: Այո՛, մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպես հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում և Սարդարապատում, քանի որ համարել ենք, որ որպես ազգ և ժողովուրդ՝ պիտի պայքարենք մեր իրավունքների համար: Իմ ընտանիքը այդ կռվի մեջ է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու համար մի միլիմետր ավելի բան եմ արել, քան մյուսների համար»,- ասաց Փաշինյանը: