ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը: Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման և փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները ևս ավելացել են: Դա դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաև պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգմանը: Համակարգի խնդիրներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախագծով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաև էլեկտրոնային առգրավման եղանակ:
Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաև գաղտնիք կազմող տեղեկության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն:
Համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:
Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգավորումների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Լիլիթ Մինասյանը: