ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 24-26-ը մասնակցում է Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը: Նախարարական հանդիպմանը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիթորինգի զեկույցը, որտեղ անդրադարձ է արված նաև ՀՀ կրթության համակարգի արդյունքներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Զեկույցի «Հավասարություն» բաժնում որպես առանձին ուսումնասիրություն և հաջողված փորձ՝ ներկայացված է Հայաստանի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Մասնավորապես՝ հատուկ դպրոցներ հաճախող և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնաբաժինը 2015 թ. 37.5%-ից նվազել է՝ 2023 թվականին կազմելով 6.5%, ինչը նշանակում է, որ այս երեխաների գերակշիռ մասը սովորում է հանրակրթական դպրոցներում: Հայաստանում այս ցուցանիշի փոփոխությունը վերջին ութ տարում ամենամեծն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ հաշվի առնելով, որ այդ տարածաշրջանների երկրների մեծ մասը ևս այս ոլորտում բարեփոխումներ է իրականացրել: Հայաստանը ներկայացված է որպես նշված տարածաշրջանի հատուկ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների մինչև 10% ընդգրկվածություն (որքան ցածր է այս ցուցանիշի արժեքը, այնքան ավելի ներառական է կրթական համակարգը) ունեցող երկիր՝ Վրաստանի, Լիտվայի և Մոլդովայի հետ:
2015-2023 թվականներին Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը հատուկ դպրոցներում 75%-ով նվազել է. փոխարենը՝ նրանց թիվը կրկնապատկվել է հանրակրթական դպրոցներում: Այսպիսով, այս պահին 9000-ից ավելի երեխա սովորում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներում և միայն 400 երեխա՝ հատուկ դպրոցներում:
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցանիշը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում․ այս մասով ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել: Այսպիսով, 2015 թվականի համեմատ՝ 2024 թվականին պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների մասնաբաժինը տարրական կրթության մակարդակում 8%-ից իջել է 4%-ի, հիմնական կրթության մակարդակում՝ 8%-ից 6%-ի, իսկ ավագ մակարդակում՝ 24%-ից 11%-ի: Առաջընթաց է արձանագրվել նաև հանրակրթության ավագ մակարդակում ավարտելիության գենդերային ցուցիչի մասով, որը 2015 թվականի 5.1 միավորից դարձել է 4.7 միավոր, ինչը նշանակում է, որ աղջիկների և տղաների միջև տարբերությունը որոշակիորեն նվազել է՝ վկայելով գենդերային անհավասարության աստիճանական կրճատման մասին։
Զեկույցում Հայաստանը ներկայացված է նաև որպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներգրավված սովորողների մասնաբաժնի աճ գրանցած երկիր 2000-2024 թվականներին:
Զեկույցն ամբողջությամբ՝
այստեղ: