Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան «Լուրերի» հարցման, հայտնում են, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում նախօրեին ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացումը:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձերբակալվել էին մի շարք անձինք, կատարվել էին խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: