Ռուսե կատարած այցի շրջանակում Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետ Պենչո Միլկովի հետ։ Այդ մասին հայտնում է Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Կողմերը քննարկել են Ռուսեի և Հայաստանի քաղաքների քույրացման, տնտեսական կապերի խորացման, համատեղ կրթական ծրագրերի և Ռուսեի հայ համայնքի դերին՝ որպես ապագա համագործակցության հիմնական կամրջի, վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ընթացքում քաղաքապետն ընդգծել է հայ համայնքի նշանակալի ներդրումը քաղաքի արդյունաբերական և մշակութային վերելքի գործում տասնամյակների ընթացքում։
«Ռուսեն ոգու և համատեղ պատմության քաղաք է։ Հայ համայնքը մեր ինքնության անբաժանելի մասն է, և մենք բարձր ենք գնահատում նրա ակտիվ դերը հասարակական կյանքում»,- ասել է Միլկովը։
Հանդիպման ընթացքում նշվել են գործունեության մի քանի ուղղություններ, այդ թվում՝ գործարար պատվիրակությունների փոխանակում և գործընկերություն Ռուսեի և Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջև, Ռուսեի համալսարանի հետ Հայաստանի կրթական հաստատությունների համագործակցություն թվայնացման ոլորտում, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպում և այլն։
Քաղաքապետը ներկայացրել է տարածաշրջանի տնտեսական դիմանկարը և քաղաքի առավելությունները՝ որպես արդյունաբերական կենտրոն։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերի համար և վստահեցրել, որ Ռուսեի հետ Հայաստանի քաղաքների քույրացման գործընթացը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Ռուսեի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ռուսեի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Բողոս Գարջարյանը։