Մոսկվայից հայտարարել են, որ գիշերվանից ուժի մեջ է մտել մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը, սակայն ուկրաինական ուժերը խախտել են զինադադարի ռեժիմը: Նավթավերամշակման օբյեկտներ են վնասվել: Թիրախում է եղել նաև Մոսկվան: ՌԴ ՊՆ-ն նշել է, որ հայելային արձագանք են տվել:
Կիևն էլ Ռուսաստանին է մեղադրել հրադադարը խախտելու համար: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվել են, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ: Ուկրաինայի նախագահը զգուշացրել է՝ հայելային արձագանք կտան: Զելենսկին խորհուրդ չի տվել օտարերկրյա առաջնորդներին մայիսի 9-ին այցելել Մոսկվա:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել է, որ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև եռակողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու իմաստ այժմ չկա: Նա շեշտել է՝ Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից, եթե ցանկանում է դիվանագիտական առաջընթաց տեսնել:
Զելենսկին տեղեկացրել է, որ առաջիկայում Սպիտակ տան թիմը կարող է ժամանել Կիև: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ակտիվացնել դիվանագիտական գործընթացները: Այս ֆոնին ԱՄՆ պետքարտուղարն ակնարկել է, որ կարող են դուրս գալ բանակցային գործընթացից, եթե շուտով առաջընթաց չգրանցվի:
Զուգահեռ տեղեկություններ կան, որ ԵՄ-ն պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ այդ հարցում վայելում են Զելենսկու աջակցությունը: Մոսկվայից արձագանքել են՝ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց նման շփումներ չի նախաձեռնի:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան