2025 թվականի կտրվածքով մենք արձանագրել ենք հանցավորության նվազում 3.2 տոկոսով, ընդ որում՝ նվազել են նաև այն խումբ հանցագործությունները, որոնք անընդհատ քննարկվում են. նկատի ունեմ սեփականության դեմ, մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:
«3.2 տոկոս նվազումը իրավապահ համակարգի համախմբված ջանքի արդյունքն է»,- նշեց նա:
«Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեման: Չգիտես ինչու, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում պայքարելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Մենք այս տարվա կտրվածքով ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Սա ռազմավարական մոտեցման արդյունք է, որովհետև մենք կենտրոնացել ենք թմրանյութերի ներմուծման, նաև արտադրության շղթայի վրա և թույլ չենք տվել հետագայում հարյուր հազարավոր նմանատիպ մանր դեպքերի առկայությունը:
Երբ որ նայում եք իրական պատկերը, տեսնում ենք, որ կա կատարված աշխատանք, բնականաբար, դրա կողքին կան նաև խնդիրներ, որոնք հստակորեն արձանագրել է ՆԳՆ-ն, կան մշակված ռազմավարական մոտեցումներ այս խնդիրները հետևողականորեն լուծելու տրամաբանության մեջ: Պիտի շեշտը դնենք 2026 թվականին հատկապես հանցավորության կանխարգելման աշխատանքների վրա: Արդեն ավարտին են մոտենում հանցավորության կանխարգելման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքները: Ուրախ կլինեմ քննարկել խորհրդարանական գործընկերների հետ այդ նախաձեռնությունը ևս»,- ասաց ՆԳ նախարարը: