Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Հարգ կղզու մոտակայքում գտնվող լցանավի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ի պատասխան կհարվածեն ամերիկյան նավերին, ինչպես նաև Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերի։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքում։
Ամերիկյան կողմն էլ հայտնել է իրանական 5 նավթատար ոչնչացնելու մասին, դրանք հում նավթ են տեղափոխել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ մինչ այդ իրանական ուժերը փորձել են բալիստիկ հրթիռներով հարվածել ամերիկյան ռազմանավի, սակայն ապարդյուն։
Թեհրանից հայտարարել են, որ ի պատասխան թիրախավորել են Հորդանանում ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազան, նաև ամերիկյան 2 նավ և 8 նավթատար: Նաև ԻՀՊԿ-ն տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցի արևելքում սահմանում են նավագնացության արգելված գոտի: Իրանական կողմը նախազգուշացնում է՝ ընդմիշտ կարգելեն նեղուցով այն նավերի անցումը, որոնք կփորձեն հատել այդ գոտին:
Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն շեշտել է՝ պետք է ավարտին հասցնեն իրենց առաքելությունը և տապալեն իրանական ռեժիմը։ Նրա խոսքով՝ կարևոր է վերջնականապես ոչնչացնել Հըզբոլլահ և Համաս շարժումները:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան