Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից, թե ինչ հիմքով են հայտարարում աշնանը պատերազմ սկսվելու մասին: Վերջինս խորհուրդ տվեց հասկանալ «սպառնալիք» բառի բառարանային իմաստը:
«Մենք ասում ենք՝ եթե ՀՀ-ն որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրներն առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա: Մենք նախ՝ ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, և եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ, նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով էս խաղաղության, ամեն ինչ վերանայել: Դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի: Ո՞րն է էստեղ սպառնալիքը»,- հայտարարեց նա:
Ռուբինյանը հիշեցրեց՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ վարչապետն ասում էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, նույն ընդդիմադիրներն ու մամուլն ասում էին՝ ոնց ես ասում՝ չի լինելու պատերազմ:
Ռուբինյանն ընդգծեց՝ խոսքը ո՛չ շանտաժի, ո՛չ սպառնալիքի մասին է, այլ խոսքը նրա մասին է, որ հունիսի 7-ին մեր քաղաքացիներն ունենալու են ընտրություն՝ ոչ միայն կուսակցությունների միջև, այլև այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը:
«ՔՊ-ն առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը՝ նոր բան չանել՝ պահել, իսկ ընդդիմությունը՝ Քոչարյանի ուժը, ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելառուսամետ օլիգարխի ուժը, առաջարկում է վերանայել այս խաղաղությունը:
Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է՝ վերանայել այս խաղաղությունը, շարունակեն ղարաբաղյան հակամարտությունը, դա հանգեցնելու է պատերազմի»,- հայտարարեց նա:
Ռուբինյանը հիշեցրեց՝ վերջին 2 տարում մեր սահմաններին զոհ, կրակոց չունենք:
«Երբ, օրինակ՝ Քոչարյանի խմբակցությունից պատգամավորն ասում է՝ Դադիվանքը մերն է, Արարատը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության ճանաչումը: Երբ աում են, որ ԹՐԻՓՓ-ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, դա նույնն է, ինչ ասել, որ ԹՐԻՓՓ-ը չի լինելու, որովհետև այն հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Նրա խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում է՝ Ղարաբաղի հարցը փակված չէ, եթե անեն այն, ինչ հայտարարում են, այսինքն՝ վիճարկեն սահմանազատման սկզբունքները, տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, ԹՐԻՓՓ-ը, խաղաղություն չի լինի: