Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, թե համաձայն չէ այն մոտեցմանը, որը դրսևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օլիգարխների նկատմամբ, քանի որ երբ վարչապետը նրանց կենսաբանության ոլորտից է հարցեր տալիս կամ առաջարկում է ուղիղ եթերում «արհամարհել» բառը գրել առանց տառասխալների, ապա դա նրանց մտավոր ունակությունների գերագնահատում է, քանի որ նրանք չեն կարող առանց երկու տառասխալի «արհամարհել» բառը գրել կամ ունենալ կենսաբանության, աշխարհագրության գիտելիքներ:
«Ես ինձ վրա եմ վերցրել այս երեք օլիգարխներին օգնելու, նրանց կրթելու հարցը ու կարծում եմ՝ նրանց հետ պետք է սկսել ամենապարզից:
Ու ես հիմա նրանց հետ կսկսեմ առաջին դասը, սիրելի՛ երեք օլիգարխներ, հարմար նստեք էկրանի առաջ, սկսում ենք: Մենք նրանց հետ դասը կսկսենք այբուբենից: Այն գրվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից»,- ասաց նա, ապա հերթականությամբ ներկայացրեց այբուբենի տառերը՝ ըստ վերջիններիս բնութագրող բառերի և իրավիճակների: