Գիտե՞ք երաշխավորի մասին խոսակցությունն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չէ, մեկը թող գա այս խաղաղությանը տեր կանգնի, ո՞վ կա, ո՞վ է ուզում խաղաղությանը տեր կանգնի: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին:
«Դրա համար է, որ մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, խաղաղությունը ժողովրդինն է: Ժողովուրդն է տառապանքների և զոհերի գնով այս խաղաղությանը հասել: Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է: Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարում ունեցել՝ Թուրքիան:
Մենք 2020 թվականին ունեցե՞լ ենք, թե՞ չենք ունեցել անվտանգության երաշխավոր, ունեցել ենք. ՀԱՊԿ-ն է եղել. և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց, չեք հավատում՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք Բաքվում արած իր պաշտոնական, թե պետական այցի ընթացքում: Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ ո՞ւր եք գնում, մի րոպե՜»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ Փաշինյանն ասաց. «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում, այսինքն՝ մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ: Ինչի իրենք Ղարաբաղին լուրջ ե՞ն վերաբերվել, ո՛չ, լուրջ չեն վերաբերվել:
Այդ նույն մարդիկ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակով են պահել, այդ նույն մարդիկ, ում հավաքական ասում եմ «փախածներ»: Հիշո՞ւմ եմ մի անգամ ամբիոնից այստեղ, ինչ-որ գեներալների մասին էին խոսում, ասեցի՝ վախկոտ-դավաճաններ: Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան որպես Հայաստանի պետականությանը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»: