Տպավորություն է, որ որևէ կենտրոնից ստացել են նամակ կամ հանձնարարություն խոսել կամ թիրախավորել անվտանգությունը, անվտանգության հետ կապված հարցեր: Այդ մասին ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրներին՝ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:
«Բայց ես պիտի հիասթափեցնեմ իրենց, որովհետև իրականությունը իրենց պատկերացումներից էապես տարբերվում է, և պատճառը, որ նրանց մոտ հույս է առաջացել, որ գտել են մեր թույլ տեղը, մեր համեստությունն է և իհարկե՝ ոլորտի գաղտնի լինելու հանգամանքը: Բայց ես կփորձեմ հետևյալ կերպ ներկայացնել, որ բացարձակ թվեր չհնչեցնեմ, բայց նաև պատկերը ավելի պարզ դառնա:
Ուրեմն, երեկ հնչեցված հայտարարությունների հեղինակները, որոնք կամ մաս են կազմել նախորդ երկու տասնամյակների, այսինքն՝ 2018 թվականին նախորդող երկու տասնամյակների քաղաքական համակարգերի, կամ նրանց հոգեզավակներն են և տարբեր արբանյակները, այսօր խոսում են բանակի ծախսերի մասին: Ուրեմն, հետևյալը կասեմ՝ 1998-2008, 2008-2018, երկու տասնամյակի մասին եմ խոսում: Ուրեմն, երկու տասնամյակի ընթացքում արված ծախսերը բանակի վրա՝ սրանք բացարձակ թվերի մասին է, ֆիքսված պաշտոնական թվերի մասին է, 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվականներին: Այսինքն՝ միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա: Այլ ծախսերի մասին չեմ խոսում: Միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին՝ 1998-2018 թվականներին:
Եվ ըստ այդմ, հարգելի գործընկերներ, և իհարկե նաև ձեզ հուշող նամակագիրներ, «մետոդիչկաների» հեղինակներ, թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞վ եք զբաղվում, ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»,- նշեց Պապիկյանը:
5.4-ը կլորացրել եմ հօգուտ իրենց: Եթե մի քիչ ավելի մտածենք՝ ավելի շատ կլինի: 5.4 անգամ ավելի ծախս է կատարվել, քան արվել է 20 տարում: Եթե 18-ից հաշվենք՝ բնականաբար, էդ թիվը շատ ավելի մեծ կլինի, ես դրան պարզապես պատրաստ չէի, ես իմ պաշտոնավարման ժամկետի համար նայել եմ վերջերս, դրա համար պատասխանեցի ըստ այդմ: Առիթ կունենանք, նաև առաջիկայում շատ առիթներ կլինեն, կխոսենք նաև մնացածի մասին: Ես խոսում եմ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման մասին: Չեմ խոսում աշխատավարձերի բարձրացման մասին, վերջին տարիների ընթացքում կատարված բարեփոխումների, դրանց ֆինանսական ծախսի, այդ թվում նաև կապիտալ այլ ծախսերի, այսինքն՝ շինարարական, ինժեներական: Այնպես որ, ես խնդրում եմ՝ հավաքեք ձեր աղյուսակները և զբաղվեք այլ գործով»,- ասաց պաշտպանության նախարարը: