«Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստի ժամանակ:
Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ արձանագրությունը նպատակ ունի ապահովել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը:
Ընդգծելով գործընթացի կարևորությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը և երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում տեղի ունեցող գործընթացների նախագահությունը:
Նշվել է, որ արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը:
Արձանագրության հիմնական ուղղություններն են` ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանությունն ու իրավական պաշտպանությունը, տնտեսական օգուտների ապահովումը, տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքների աջակցությունը, ինչպես նաև երկրի միջազգային հեղինակության բարձրացումը և գլոբալ մեխանիզմներին մասնակցությունը, միջազգային ֆինանսական լրացուցիչ աղբյուրների հասանելիության ապահովումը և գիտատեխնիկական համագործակցության խթանումը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության վավերացումը հնարավորություն կտա ամրապնդելու Հայաստանի դիրքերը բնական պաշարների կառավարման ոլորտում, ակտիվացնել միջազգային համագործակցությունը և ներգրավել նոր ներդրումներ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և հորդորել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին: