Ազգային ժողովը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Կառավարությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ներսես Երիցյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը խորհրդարանում ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ թեկնածուն ընտրվելու է 5 տարի ժամկետով:
Ներսես Երիցյանը 1988-1993 թվականներին սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինտիտուտում, մասնագիտությունը՝ մակրոտնտեսագետ: 1995-ից տնտեսագիտութան թեկնածու է: 1992-1994-ին Գերագույն խորհրդի տարբեր հանձնաժողովներում աշխատել է որպես փորձագետ: 1994-2007 թվականներին որոշակի ընդհատումներով աշխատել է Կենտրոնական բանկում: 2001-2003-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդականն է եղել: 2007-2010 թվականներին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2010-2022 թվականներին աշխատել է որպես ԿԲ նախագահի տեղակալ: 2023-ից ցպահս ՀՀ տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենն է:
Ներսես Երիցյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ոլորտի վերաբերյալ տեսլականը: Ըստ նրա՝ ոլորտում թվային վերափոխումն այլևս այլընտրանք կամ երկընտրանք չէ, այլ ժողովրդավարական արժեքներ որդեգրած ՀՀ-ի պես փոքր ու բաց տնտեսություն ունեցող երկրի համար անհրաժեշտություն է:
«Թվայնացումը հնարավորությունների հետ միասին ստեղծում է նաև կիբեռանվտանգության ռիսկեր: Դրանք չհասցեագրելը տեղեկատվական համակարգերի ստեղծման փուլում, որն անգլերենում հնչում է secure by design, կարող է մի քանի անգամ ավելացնել կիբեռանվտանգության ծախսերը, և նույնիսկ այդ պարագայում չհասցեագրել դրանք:
Հետևաբար, կիբեռանվտանգությունն այս փուլում ամենակարևոր առաջնահերթությունն է, քանի որ, առանց այդ հարցը լուծելու, թվային անվտանգությունը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ բերել մեր քաղաքացիներին»,- ասաց նա՝ հավելելով, որ թվային դարաշրջանը մեզ չի սպասում, այն առաջ է շարժվում, ուստի կարող ենք կա՛մ արձագանքել փոփոխություններին, կա՛մ ձևավորել դրանք: