Մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին: Մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին:
Ցուցադրելով Հայաստանի քարտեզը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը և իրավունքները պաշտպանելու համար: Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է: Երբ որ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի, անուղղակի ենք ասել, և դա է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ, ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից որպես պետություն: Երբ որ մենք վերադարձել ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքին, մենք այդ օրից ժամ-ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, և սա Հայաստանի ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է: Գաղտնիք չկա՝ Հայաստանում կան ուժեր, ովքեր շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չէ: Մենք ասում ենք, որ, ո՛չ. պետությունն ամենակարևորն է»: