2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում վերցրիք իշխանությունը, Սամվել Շահրամանյանին ընտրեցիք Ղարաբաղի նախագահ, դրանից ընդամենը 10 օր հետո սկսվեցին ռազմական գործողություններ, իսկ դրանից ընդամենը 17 օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Ղարաբաղը լուծարելու մասին: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ իշխող թիմին ուղղված քննադատություններին:
«Այդ ժամանակ, երբ Ղարաբաղում վերցրել էիք իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում էր Սամվել Շահրամանյանին, և ձեր քաղաքական թիմը հույս էր հայտնում, որ նույն բանը տեղի կունենա Հայաստանում: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ղարաբաղում: Ձեր՝ իշխանությունը վերցնելուց ընդամենը 17 օր անց Ղարաբաղը լուծարվեց: Հիմա եկել խոսում եք Ղարաբաղից տեղահանվածների մասին: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել: Դուք մատաղ եք արել այդ մարդկանց:
Մեզ մեղադրում էիք, թե ինչու չենք էվակուացնում Ղարաբաղի մեր հայրենակիցներին: Հիմա ճեպազրույցներ եք տալիս, ասում եք՝ մենք ունենք վերադարձի ծրագիր, բա եթե վերադարձի ծրագիր ունեիք, մեզ ինչո՞ւ էիք մեղադրում, որ իբր թե չէինք էվակուացնում նրանց Ղարաբաղից»,- ասաց նա:
Հայկ Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի 220 մլն դոլարի վարկ են վերցրել Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային կարիքները հոգալու համար: