Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության ղեկավար Ֆրեդերիկ Դոլտի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ՀՀ-ի դեմ գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռների կատարման ընթացքը, այդ թվում՝ արձանագրված համակարգային խնդիրները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված լայնածավալ բարեփոխումները, այդ թվում՝ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, ինչպես նաև դատական և իրավապահ մարմինների, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցների վերապատրաստումները։
Խտրականության կանխարգելման առնչությամբ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակված է միջոցառումների որոշակի պլան՝ կարևորելով այս ոլորտում դատական պրակտիկայի շարունակական ուսումնասիրությունն ու հանրային կարծիքի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։
Ներկայացվել է նաև ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքը, այդ թվում՝ կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումները և նման բռնությունից տուժած անձանց համար պետական տուրքի վճարումից ազատելու կառուցակարգերի ներդնումը։
Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և Եվրոպական դատարանի վճիռների լիարժեք կատարման ապահովմանը։