Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը ելույթ է ունեցել Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.
«Հարգելի՛ տիկին նախագահ,
Հարգարժա՛ն պատվիրակներ,
Սիրելի՛ գործընկերներ,
Այսօր, երբ մենք անդրադառնում ենք մարդասիրական նորմերի պահպանմանն ու ճգնաժամերի ժամանակ մարդասիրական գործողությունների կազմակերպմանը, հիշենք, որ այդ սկզբունքները միայն արտակարգ իրավիճակներին արձագանքելու մասին չեն: Դրանք այն մասին են, թե ինչն է մեզ մարդ դարձնում. կարեկցանքը, արժանապատվությունը և խաղաղությունը:
Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շատ լավ գիտի հակամարտության, տեղահանության և կորուստների ցավը: Հայաստանը, սակայն, գիտի նաև տոկունության ուժը, վերականգնվելու կամքը և հույսի զորությունը: Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանը տեսել է պատերազմներ ու բաժանումներ, և սերունդներ են մեծացել վախի մթնոլորտում՝ փոխադարձ վստահության փոխարեն:
Այնուամենայնիվ, այսօր Հայաստանն ընտրել է այլ ուղի՝ խաղաղության ուղին:
Մենք վճռական ենք կառուցելու համերաշխ ապագա հարևան Ադրբեջանի հետ: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է: Այն պահանջում է անցյալի վերքերը բուժելու խիզախություն և հավատ, որ երկխոսությունը կարող է փոխարինել բաժանարար գծերին: Սա միակ ուղին է, որը, իսկապես, համապատասխանում է մարդասիրական արժեքներին, քանի որ խաղաղությունն ինքնին մարդասիրական գործողության ամենաբարձր արտահայտությունն է: Այն կանխում է ճգնաժամերը մինչև դրանց առաջացումը, վերականգնում է համայնքները մինչև դրանց մասնատումը և հնարավորություն է տալիս մեր երեխաներին ապրելու ոչ թե պարզապես գոյատևելով, այլ՝ երազելով:
Սիրելի՛ գործընկերներ,
Երբ աշխարհը կանգնում է ճգնաժամերի առջև, հաճախ առաջին հերթին սպասում է մարդասիրական կառույցների օգնությանը:
Բայց եկեք չմոռանանք, որ որպես օրենսդիրներ՝ մենք նույնպես պատասխանատու ենք այն քաղաքական որոշումների համար, որոնք կարող են կանխել այդ ճգնաժամերը:
Մեր պարտքն է ապահովել, որ մարդասիրությունը, անաչառությունը և համերաշխությունը դառնան մեր քաղաքական որոշումների անկյունաքարը:
Հայաստանը պատրաստ է աշխատել բոլոր երկրների հետ՝ մեր ընդհանուր ցավն ընդհանուր առաջընթացի և խաղաղության վերածելու նպատակով: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե այն հիմնված է մարդու իրավունքների հարգման, արդարության և տառապանք իրողությունը ճանաչելու վրա:
Թող այս վեհաժողովը հիշեցնի մեզ, որ մարդասիրական նորմերը սահմաններ չեն ճանաչում: Դրանք համամարդկային են: Դրանք պատկանում են բոլորին՝ անկախ ազգությունից, կրոնից կամ աշխարհագրական դիրքից:
Եվ թող մեր համատեղ ձայնն այսօր հնչի որպես խաղաղության, արժանապատվության և հավատքի ձայն, հավատքի, որ նույնիսկ ամենախոր մթության մեջ մարդկությունը դեռ կարող է ընտրել լույսը:
Շնորհակալություն»: