ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան և Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ (ACT):
Մինչ ուսանողների հետ հանդիպելը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունում, ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին:
Այնուհետև քոլեջի դահլիճում կայացել է Հակոբ Արշակյանի հանդիպումը կրթօջախի ղեկավար կազմի և ուսանողների հետ: Ջերմ և անմիջական մթնոլորտում երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար և ազատ մտածողությունն է: Այս համատեքստում նա կարևորել է այն փաստը, որ այս կրթօջախում երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձևավորող գիտելիքներ: Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետևից, ստեղծելով հավելյալ արժեք՝ օգտակար լինել հանրությանը և կյանքում հասնել հաջողության:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, արդյունաբերական հեղափոխության հիմքերին, ծրագրավորման ոլորտում արձանագրված ձեռքբերումներին և այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հարցուպատասխանի ձևաչափում խոսել է նաև Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների գործունեության, բուհական կրթության կարևորության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունների և ոլորտային այլ խնդիրների մասին: