Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում միջազգային փորձագիտական թիմի հետ։
Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանի և EU4Green Recovery East ծրագրի միջազգային փորձագիտական թիմի ղեկավար Եժի Սառնացկիի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում իրականացվող արդյունաբերական թափոնների քարտեզագրման գործընթացը, ինչպես նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրմանն առնչվող ընթացիկ աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Գոռ Միքայելյանը ներկայացրել է նախարարության ռազմավարական մոտեցումները թափոնների կառավարման ոլորտում՝ ընդգծելով, որ ոլորտը դիտարկվում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ թափոնների արդյունավետ կառավարումը կարող է դառնալ շրջանաձև տնտեսության ձևավորման կարևոր հիմք, որտեղ տվյալահեն և թափանցիկ կառավարման համակարգերը առանցքային դեր ունեն։
Եժի Սառնացկին, անդրադառնալով շրջանաձև տնտեսության ներդրման միջազգային փորձին, նշել է, որ ոլորտի արդյունավետ զարգացումը պահանջում է տարբեր կառույցների և շահագրգիռ կողմերի սերտ համագործակցություն։ Նրա գնահատմամբ՝ համակարգային արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ և փոխկապակցված աշխատանք։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստանում «կանաչ» և կայուն տնտեսական զարգացման։
EU4Green Recovery East ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԱԶԿ-ի (UNIDO) կողմից՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրներում «կանաչ» վերականգնման և շրջանաձև տնտեսության զարգացման գործընթացներին։