Այսօր՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ականջին ինչ-որ բան ասել: Վարչապետի հագուստին ամրացված բարձրախոսով լսվել է, որ Միրզոյանն ասել է, թե «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք ԱԳՆ խոսնակի»։
Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանից FactorTV-ի լրագրողը հետաքրքրվել է՝ ի՞նչ նկատի ուներ Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը պարզաբանել է՝ խոսքը Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանն է վերաբերում։
Ըստ նրա՝ թուրքական կողմի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։
«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում, հիմա նրանք դա ձևակերպում են, որպեսզի ուղիղ, ոչ թե ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- պարզաբանել է Փաշինյանը: