ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միավորման ու Վայրի բնության պահպանության ընկերակցության համակազմակերպմամբ Նյու Յորքում կայացել է «Մեկ աշխարհ, մեկ առողջություն. բերելով միջազգային և գիտական կոնսենսուսը քաղաքականության քննարկումների տիրույթ» խորագրով միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ նախագահի կողմից ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի` Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացի համակարգող նշանակվելու հանգամանքին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նկատել է, որ ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը մասնակցել է ս.թ. ապրիլի 7-ին Լիոնում կայացած «Մեկ Առողջություն» գագաթնաժողովին՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի առողջության միասնականության համատեքստում վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը «Մեկ առողջություն» օրակարգին։
2026 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքների համատեքստում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ուրվագծեց Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ առանձնանշելով, որ հայաստանյան նախագահությունը սատարելու է գործնական քայլերին միտված քննարկումները, խրախուսելու է Կոնվենցիայի կողմերի և շահառուների միջև կառուցողական ներգրավվածությունը, ինչպես նաև ձգտելու է Կոնվենցիայի իրագործման, մոնիթորինգի և վերանայման գործընթացների ներդաշնակության առաջմղմանը։
Միջոցառմանը ելույթներով նաև հանդես են եկել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժ.Բոննաֆոնտն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյույորքյան գրասենյակի ղեկավար Վ.Օբերմայերը, «Մեկ առողջություն» գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Ա.Շոմուզոն, ՄԱԿ -իանդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։