ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մայիսի 12-ին մասնակցել է «Մարքեթինգ և հայկական արտադրանքների առաջխաղացում Շվեդիայի և ԵՄ սննդի շուկաներում» աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Փոխնախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսական գործակցությունը Շվեդիայի հետ, իսկ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման համար։
«Հայաստանի տնտեսությունը զարգանում է ոչ միայն քանակապես, այլև որակապես։ Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը Կառավարության գլխավոր առաջնահերթություն է»,- ընդգծել է նախարարի տեղակալը։
Եռամյա նախաձեռնության (2026–2028 թթ.) մեկնարկը նպատակ ունի աջակցել հայկական սննդի արտադրողներին՝ ամրապնդելու արտահանման ուղղությունները և ստեղծելու նոր հնարավորություններ Շվեդիայի ու եվրոպական շուկաներում։
Միջոցառումը կազմակերպվել էր Շվեդիայի առևտրի ազգային խորհրդի կողմից՝ «Բաց առևտրի դարպաս Շվեդիա» (OTGS) կազմակերպության, «Միջազգային առևտրի կենտրոնի» (ITC), ITC-ի ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի և Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ ընդլայնված համագործակցությունը՝ նպատակ ունի աջակցել Հայաստանի սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին ավելացնելու արտահանումը և մուտք գործելու շվեդական, սկանդինավյան և եվրոպական շուկաներ։
Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի, Շվեդիայի դեսպանատան, պետական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներ։