Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը: Լիահույս եմ, որ այդ ուղղությամբ դուք, այդուհանդերձ, ձեր մասով ջանքեր կգործադրեք: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, որը վերաբերում էր ԱԱԾ-ի կողմից տեսանյութերի տարածմանը:
Ինչ վերաբերում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» հավաքած ձայներին, ասաց հետևյալը. «Երբ դուք խոսում եք այն մասին, որ երկու տեղամասում մի քանի ժամ ավելի է տևել քվեարկությունը, քան պետք է տևեր օրենքով սահմանված ձևով, ապա դուք որևէ կերպ չեք կարող անել պնդում առ այն, որ «Բարգավաճ Հայաստանը», որը, ձեր պնդմամբ, ստացել էր այդ ձայները, ստացել էր նախքա՞ն երեկոյան 20:00-ն, թե՞ դրանից հետո: Դուք, եթե համարում եք, որ երեկոյան 20:00-ից հետո տեղի ունեցած քվեարկությունը եղել է ապօրինի և չեք կարող ասել երեկոյան 20:00-ից հետո ԲՀԿ-ն ինչքան ձայն է ստացել, հետևաբար, որևէ պնդում ձեր կողմից առ այն, որ այդ ձայները ստացվել են ԲՀԿ-ի կողմից նախքան 20.00-ն, պարզապես հիմնազուրկ են: Որևէ մեկը դա չգիտի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այդ խնդիրը լուծելու համար պե՞տք է լիներ վերաքվեարկություն, Ջուլհակյանը նկատեց՝ այդ խնդրի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ ՍԴ-ում:
«Երկար-բարակ խոսել ենք, և դա մեր դիրքորոշումը չի, որ եղել է, որ այլևս այն բանից հետո, երբ ձեր արձակած կրակահերթերի հետևանքով անվավեր են ճանաչվում երեք տեղամասի արդյունքները, որոնցից միայն 2-ի անվավեր ճանաչումն է, որ դուք վիճարկում եք, որևէ մեկն արդեն չի կարող ասել, որ այդ տեղամասերում այլևս կարող է իրավիճակ փրկվել վերաքվեարկություն նշանակելով, ասվում է հակառակը, որ այլևս չի կարող այդտեղ վերաքվեարկություն լինելու միջոցով ընտրությունների հավասարության սկզբունքը պահպանվել և շտկել այն իրավիճակը, որը եղել է»,- նշեց Ջուլհակյանը: