Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները հետևողականորեն իրականացնում են նաև բացատրական աշխատանք, ինչի արդյունքում բաժիններում պարբերաբար գրանցվում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Սիսիանից Աղիտու տանող ճանապարհին։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ընդհանուր 60 փամփուշտով լիցքավորված երկու պահեստատուփ, «Ֆ-1» տիպի երկու նռնակ, նռնակի պայթուցիչ, գազային ատրճանակ և 51 փամփուշտ։
16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան է կամավոր հանձնել Սիսիանի բաժին ներկայացած 77-ամյա տղամարդը։ Նույն տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան է կամավոր հանձնել նաև Սիսիանի բնակիչ 47-ամյա տղամարդը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։