Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ Այդ մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», - ասել է նա։ Փեզեշքիանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին։ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման:
Իրանի նպատակն է հասնել կայուն խաղաղության: Այդ մասին էլ հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «40 օրվա ընթացքում մենք կռվել ենք խոշորագույն ռազմական տերության դեմ: Մենք նախկինի նման գտնվում ենք պատրաստության վիճակում, բայց նաև սպասում ենք պարզաբանումների բանակցային գործընթացի հետագա ճակատագրի վերաբերյալ: Մեր գլխավոր նպատակն է հասնել կայուն խաղաղության», - մեջբերել է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։
Միաժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում շատ բարդ հարցեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը:
Ֆիդանի խոսքով՝ կողմերի միջև շփումները շարունակվում են: Պատերազմի վերադարձը, թուրք նախարարի խոսքով, միայն կմեծացնի ավերածությունները։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման լծակ չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան