Եվրամիությունը փորձում է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և ուժեղացնել ազդեցությունը հանրապետության վրա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նրա խոսքով՝ Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը՝ Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։
«ԵՄ-ում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների և Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար՝ միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը Հանրապետության ներսում ընթացող գործընթացներին: Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։ Հանրապետությունում արդեն երկու առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Կալուգինը։
Նրա խոսքով՝ անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկում:
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենն անդրադարձել է նոր ատոմակայանի հարցին, հայտնել՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը կարող էր բավարարել երկրի կարիքները և ապահովել էլեկտրաէներգիայի էժան սակագներ սպառողի համար և խթանել երկրի արդյունաբերության աճը:
ТАСС-ի հետ հարցազրույցում դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը:
«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը, համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք»,- նկատել է Կալուգինը: