Ռուսաստանը կատարում և նույնիսկ գերազանցում է իր բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրերը, ուստի Ուկրաինայի վրա ինտենսիվ հարձակումները, մոտ ժամանակները, դժվար թե դադարեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանը կենտրոնացնում է իր հարձակումները Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության, լոգիստիկայի և էներգետիկ օբյեկտների վրա, որոնցից կախված են լոգիստիկան և նավահանգստային ենթակառուցվածքները։ Ավելին, Ռուսաստանը փորձում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ խուճապ սերմանելու և Ուկրաինայում իրավիճակը անկայունացնելու համար։ Ձմռանը կթիրախավորվեն էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման համակարգերը։
Առաջիկա 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ բալիստիկ հրթիռների հարվածների մեծ վտանգ կա, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները: Մեծ սպառնալիք կա Կիևի և Կիևի մարզի համար։ Խոսքը ոչ միայն բալիստիկ սպառազինության հնարավոր կիրառման, այլև հարվածային անօդաչուների նոր արձակման մասին է։
Դիտորդները հայտնում են Ուկրաինային սահմանակից տարածքներում ռուսական հարվածային զենքի զգալի քանակի առկայության մասին։ Բրյանսկի մարզում կա մինչև 16 RM-48U հարվածային անօդաչու թռչող սարք՝ բարձր պայթուցիկությամբ և ջերմաբարիկ մարտագլխիկներով: Մոնիթորինգի ալիքների տվյալներով՝ Կուրսկի մարզում կարող է լինել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի համար նախատեսված մոտավորապես տասը 9M723-1F2 բալիստիկ հրթիռ: