Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերի դուրսբերում տեղի չի ունենա մինչև ՀԱՄԱՍ-ն «իսկապես» չզինաթափվի, «չդադարեցնի մեր զորքերի և մեր քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները»:
Թրամփի հիմնած Խաղաղության խորհուրդը հուլիսին հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերել Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ:
Սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ծանր սպառազինության հանձնումը կախված է Իսրայելի կողմից «ագրեսիայի բոլոր ձևերի» դադարեցումից և Գազայից զորքերի դուրսբերումից:
Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանգիստ է վերաբերվում նրան, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի ծրագիրը՝ նրա հայտարարությունը համարելով նախընտրական արշավի մաս:
The New York Times-ն էլ, հղում անելով Խաղաղության խորհրդի անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ չնայած Նեթանյահուի մեկնաբանություններին, Խորհուրդը նախկինի պես տեսնում է Իսրայելի համագործակցությունը Գազայի հատվածում: Պաշտոնյան պարզաբանել է՝ թուլացել են Իսրայելի կողմից Գազայի վրա գրեթե ամենօրյա հարձակումները։
Խաղաղության խորհրդի նախագահ Նիկոլայ Մլադենովը Channel 12 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը չպետք է զորքերը դուրս բերի ներկայիս դիրքերից, քանի դեռ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել ՀԱՄԱՍ-ի զինաթափման ուղղությամբ ՝ ճանապարհային քարտեզի համաձայն:
Միաժամանակ Մլադենովն ընդգծել է, որ Իսրայելից այժմ պահանջվում է, որ չշարժվի Գազայի խորքը, հեռու չգնա, այսպես կոչված, «դեղին գծից» այն կողմ, և դադարեցնի խաղաղ բնակիչների սպանությունները: