Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ԱԺ-ում առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահ կամ տեղակալ ընտրվում է ամբողջ ԱԺ-ի, ոչ թե մեկ խմբակցության կողմից: Սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որն ունի պարոն Վարդևանյանը նախագահությունում»,- հայտարարեց նա:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանն ընտրվի, որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, և սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուների օգտին:
Սա ամենևին չէր նշանակում, որ պարոն Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր: Սա ընդամենը նշանակում է, որ մեծամասնությունը համարել է՝ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր տարաձայնություններից, որոնք գործում են»:
Դիմելով Էդգար Ղազարյանին՝ Ռուբինյանն ասաց՝ պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ, ապա խնդրեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները:
Հիշեցնենք, որ փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն: