Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված ազգային գիտաժողովը միավորել էր Հայաստանի մարզերի և Երևանի բժշկական կենտրոնների, առողջության առաջնային պահպանման հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների միջին բուժաշխատողներին, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու բուժքույրերի, մանկաբարձների, լաբորանտների ամենօրյա նվիրումն ու պատասխանատվությունը, ընդգծելու նրանց առանցքային դերը ժամանակակից առողջապահական համակարգում, պացիենտի անվտանգության, բուժման որակի և առողջապահական ծառայությունների շարունակական զարգացման գործընթացներում։
«Վերջին տարիներին առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բուժքույրական ծառայությունների զարգացմանը։ Քայլեր ենք իրականացնում ձեր մասնագիտական կրթության արդիականացման, վերապատրաստումների ընդլայնման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ապահովագրության բարդ և բազմաշերտ բարեփոխման առաջին փուլով, գիտեմ, որ ավելացել է ձեր ծանրաբեռնվածությունը: Իհարկե, որոշ չափով փոխհատուցման գները վերանայվել են, և վստահաբար, ինչպես նախարարն է նշել, վերանայվելու են»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և շեշտել, որ որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ անում են բուժքույրերը:
Հայաստանի Ազգային բժշկական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը համախմբել էր 270 մասնակցի: Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված գիտաժողովը միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված կարևոր մասնագիտական հարթակ էր դարձել։
Գիտաժողովի շրջանակներում մասնագիտական քննարկումներ են եղել, նաև փորձի փոխանակում:
Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև առողջապահության ոլորտում ցուցաբերած պատասխանատու և անմնացորդ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու մարդասիրական վերաբերմունքի համար ավելի քան 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով:

