Հայաստանի սահմանով արտահանման կամ ներմուծման գործընթացը կդյուրացվի. պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Պետական սահմանի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այժմ կգործի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը, այսինքն՝ մի քանի մարմնի գործողություններ կկատարվեն մեկ տեղում: ՊԵԿ նախագահը հիշեցրեց՝ ներկայումս մեր երկրի պետական սահմանի անցման կետերում վերահսկողական գործառույթներ իրականացնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային մարմինները, ոստիկանությունը, տեսչական մարմինը:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ իրականացնում են բացառապես սահմանապահ զորքերը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն էլ խորհրդարանականներին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նկատեց, որ Միջազգային պրակտիկայում ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման և դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առևտրաարդյունաբերական պալատներին, իսկ Հայաստանում՝ ոչ, ինչն էլ առաջարկվում է փոփոխել:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - ԱՏԱ կառնետ հավաստագրերն այն հավաստագրերն են, որոնք թույլ են տալիս ժամանակավոր արտահանվող կամ ներմուծվող ցուցանմուշներին կամ երաժշտական գործիքներին, որոնք ցուցադրվելու կամ միջոցառումներին մասնակցելու համար են, հավաստագրեր տալ:
Օրինակ՝ միջազգային ցուցահանդեսին ներկայացնելու համար երկրից կարող են թանկարժեք նմուշներ հանել, ինչի համար գործում են մաքսային բարդ ընթացակարգեր, ու վճարվում է դեպոզիդ, իսկ ԱՏԱ Կառնետ հավաստագիրն ազատում է մաքսային քաշքշուկից՝ ներկայացրեց նախարարը: Պատգամավոր Կարեն Համբարձումյանը հիշեցրեց՝ խոսքը ՀՀ-ի համար կարևոր նշանակության նմուշների մասին է:
Կարեն Համբարձումյան (ՀՀ ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ինչպիսի գործիքակազմ ունենք առևտրաարդունաբերական պալաննետի վրա, ենթադրենք՝ խոսքը թանկարժեք իրերի մասին է, ու տանում են ցուցահանդես ու հետո փոխում:
Վահան Քերոբյան - Այնպես չէ, որ միայն Հայաստան է անհանգստանում: Ամբողջ մեխանիզմն աշխատեցնելու համար ստեղծվել է միջազգային ԱՏԱ համակարգը, որը բազմաթիվ երկրներում ներառում է երաշխիքներ:
Պատգամավորը հիշեցրեց, որ առևտրաարդյունաբերական պալատների նկատմամբ մեծ վստահություն չկա: Քերոբյանն էլ վստահեցրեց՝ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր խնդիրները կքննարկվեն:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան էլ «Հարկային օրենսգրքում» ու Պետական տուրքրի մասին օրենքում փոփոխությունների նախագծով էր ԱԺ-ում: Առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը, ինչը հանքարդյունաբերողների համար խնդիրներ էր առաջացրել:
Առաջարկվող նախագծով փոփոխություն կարվի ռոյալթի համակարգում: «Պետական տուրքի մասին» գործող օրենքով հանքատերերը, բացի հանքարդյունահանման դիմաց գումար վճարելուց, պետք է նաև պետական տուրք վճարեն մետաղական շուկայում գործող գների մոտ 15 %-ի չափով: Փոփոխություններով առաջարկվում է հանել 15 տոկոսանոց տուրքը: Մինչև 10 տոկոս շահույթի դեպքում հանքատերերը կվճարեն հին կարգով, որը ենթադրում է հաշվարկ՝ կախված մի քանի բաղադրիչից, իսկ շահույթի՝ 10 տոկոսը գերազանցելու դեպքում կվճարեն 15 տոկոս դրույքաչափով:
Հեղինակ՝ Անի Օհանյան