Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՊԵԿ ուսումնական կենտրոնում համալսարանի ուսանողները ներկայացրել են կենտրոնում իրականացված ավարտական հետազոտական նախագծերի արդյունքները՝ ուղղված արժեհամակարգի և դերերի վրա հիմնված հավաքագրման շրջանակի մշակմանը, հայտնում են ՊԵԿ-ից։
Միջոցառմանը մասնակցել է Էդուարդ Հակոբյանը, ով կարևորել է կրթական հաստատությունների և պետական կառույցների միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը մեկ տարի առաջ ստորագրված փոխըմբռնման հուշագրի գործնական իրականացման հաջողված օրինակ է։ «Այս քննարկումը համահունչ է ՊԵԿ-ում իրականացվող արժեքային վերափոխումներին։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ մասնագետները կգան և իրենց գաղափարներով նոր արժեք կստեղծեն պետական համակարգում, կկարողանան իրացնել իրենց ներուժը և մասնագիտական աճ ունենալ։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի Կոմիտեի մարդկային ռեսուրսների ռազմավարական զարգացմանը»,-նշել է Էդուարդ Հակոբյանը։ Կոմիտեի նախագահը ուսանողներին հորդորել է իրենց մասնագիտական ուղին դիտարկել նաև Պետական եկամուտների կոմիտեում՝ ընդգծելով, որ այսօր ՊԵԿ-ը ձևավորում է ժամանակակից, զարգացող և մասնագիտական աճի համար նպաստավոր աշխատանքային միջավայր։
Ուսանողները ներկայացրել են նաև գործնական առաջարկներ՝ ուղղված մասնագետների հավաքագրման գործընթացի կատարելագործմանը, նպատակային հաղորդակցության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ տեսանելիության բարձրացմանը։
Քննարկումն անցկացվել է հարցուպատասխան ձևաչափով, որի ընթացքում ուսանողները կիսվել են ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերած փորձառությամբ և տպավորություններով: