Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Զանգելանում կայացած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։
ՌԴ կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման միջոցով տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքին։