Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ երկիրը գտնվում է ուժեղ դիրքում և հարգանք է վայելում: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն ընդունում է Իրանի հաղթանակը և ընդգծում, որ ԱՄՆ-ն, հակառակ կանոնների, հարձակում է գործել դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի դաժան պատժամիջոցների հաղթահարման: Նրա խոսքով՝ հաշվի առնելով մուսուլմանական երկրներում առկա ռեսուրսները և հումքը՝ կարելի է հասկանալ, որ թշնամիները գալիս են դրանք թալանելու:
«Հետևաբար, մենք պետք է ծրագրեր կազմենք՝ ինչպես հաղթահարել այդ անարդար պատժամիջոցները», - նշել է Ղալիբաֆը՝ Թեհրանի և Բաղդադի միջև ավելի ուժեղ տնտեսական կապերի կոչ անելով:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա: Նրա խոսքով՝ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։
«Մենք կտապալենք այս ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ», - շեշտել է պաշտոնյան:
Պեկինն արձագանքել է Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին ամերիկյան սպառնալիքներին: Ըստ երկրի արտգործնախարարության խոսնակի՝ Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան