ԱՄՆ-ից նոր հայտարարություններ են հնչել Իրանի դեմ տնտեսական ճնշումն ուժեղացնելու մասին: Ըստ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ Վաշինգտոնը ծովային շրջափակման հետ միասին Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա: Նրա խոսքով՝ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։ «Մենք կտապալենք այս ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»,- շեշտել է պաշտոնյան: Բեսենթը հավելել է՝ առավելագույն տնտեսական ճնշումը միաժամանակ նշանակում է, որ ռազմական լայնածավալ հարվածների վերսկսում, ամենայն հավանականությամբ, չի լինի:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես տնտեսական ճնշումն անվանել է Իրանի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի ֆոնին նավթի գները, ակնհայտորեն, բարձրացել են, սակայն Վաշինգտոնին հաջողվել է բավականաչափ նավթ և գազ դուրս բերել Հորմուզի նեղուցով, ինչը գների նվազման առումով որոշակի արդյունքներ է տվել:
Իր հերթին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա, և ոչ ոք չգիտի՝ ով է պատասխանատու: ԱՄՆ առաջնորդը կրկնել է՝ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն 2025 թվականի ամռանը ստիպված էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, այլապես Թեհրանը միջուկային զենք կմշակեր և առանց վարանելու այն կօգտագործեր Իսրայելի և մերձավորարևելյան այլ երկրների դեմ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան