Գործադիրը հաստատել է նաև բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ՝ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը։ Հաստատվել է նաև երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և որոշմամբ ներկայացվող պահանջները։
Ըստ այդմ, մասնավորապես՝ նախատեսում է Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթու թյան համակարգը՝ ընդգրկելով հետևյալ հիմնական ուղղությունները։
Որոշման նպատակն է ներդնել որակյալ և մրցունակ դոկտորական կրթության համակարգ՝ դոկտորական կրթության ամբողջ գործընթացի (ներառյալ՝ գիտական աստիճանի շնորհումը) համար ստեղծելով չափելի, հստակ և թափանցիկ ընթացակարգեր։
Ակնկալվում է միջազգային մրցունակության բարձրացում՝ կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը, կավելանան միջազգային հրապարակումների պահանջները, ինչը կնպաստի գիտնականի վարկի և միջազգային համագործակցության բարձրացմանը և կխթանի միջազգային ասպարեզում ակադեմիական շարժունությունը: Եվրոպական մոդելի ներդրման ապահովման շրջանակում նախատեսվում են կարգավորումներ, որոնք կստեղծեն պայմաններ գիտական աստիճանի շնորհման համակարգի սահուն անցման դեպի եվրոպական մոդելի՝ հիմք ընդունելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշները և սկզբունքները։