ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները մարել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը։ Այն մարվել է 20։44-ին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Նախնական տվյալներով՝ այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը՝ 20։12-ին։