ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «EU4Culture II – Sustainable Creative Ecosystems» ծրագրի ղեկավար Անատոլի Բեյֆերտի հետ՝ քննարկելու Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը մշակույթի և ստեղծարար ոլորտների զարգացման, մարզային մշակութային կյանքի ակտիվացման և Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ մշակույթի ոլորտում Հայաստանը ոչ միայն մոտենում է եվրոպական չափանիշներին, այլև արդեն իսկ հանդիսանում է եվրոպական մշակութային տարածքի մաս, իսկ հիմնական նպատակը ոլորտի կառավարման համակարգերի, ռազմավարությունների և գործելակերպերի արդիականացումն է։
Անատոլի Բեյֆերտը ներկայացրել է «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ, թեև պահպանվել է ծրագրի անվանումը, բայց դրա մոտեցումն ու մեթոդաբանությունը զգալիորեն փոխվել են։ Նրա դիտարկմամբ՝ երկրորդ փուլում առաջնահերթությունը տրվելու է մարզային կայուն մշակութային և ստեղծարար էկոհամակարգերի ձևավորմանը։ Ծրագրի իրականացման թիրախային մարզեր են ընտրվել Գեղարքունիքն ու Սյունիքը։ Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել համաստեղծարար հարթակներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կհամախմբեն տեղական մշակութային դերակատարներին, համայնքային իշխանություններին, բիզնես ոլորտի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, մշակութային կառավարմանը վերաբերող վերապատրաստումների անցկացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեղական դերակատարներին եվրոպական մշակութային հարթակներին կապելու նպատակով։
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև մշակույթի ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ մշակույթն այլևս չի դիտարկվում բացառապես միայն պետության կողմից սուբսիդավորվող ոլորտ, այլ՝ որպես տնտեսության կարևոր բաղադրիչ։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար մշակույթը ոչ միայն ինքնության, այլև տնտեսական զարգացման կարևոր գործիք է, և անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել մշակութային ժառանգության, ստեղծարար արդյունաբերությունների, արհեստների, կինոարտադրության և մշակույթի այլ ուղղությունների ներուժը։ Առանձնահատուկ շեշտադրվել է միջազգային տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի միջև փոխլրացնող համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության, համատեղ աշխատանքային քննարկումների և ռազմավարական պլանավորման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել հաջողված մոդելներ, որոնք հետագայում հնարավոր կլինի կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։