Օրերս տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականի առաջին եռամսյակում Խորհրդի անդամների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
Քննարկման առանցքում են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի և ենթակառուցվածքների մատչելիության ապահովման հարցերը, այդ թվում՝ մայթերի, անցումների, կանգառների, ինչպես նաև մշակութային և սպորտային հաստատությունների հասանելիության խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև կենսաչափական նոր անձնագրերի մատչելիության ապահովման, նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստացած անձանց կողմից անհրաժեշտ ծառայություններից օգտվելու նպատակով ֆունկցիոնալության կրկնակի գնահատում անցնելու պահանջի, ինչպես նաև ֆունկցիոնալության գնահատման գործընթացի հետ կապված խնդիրներին:
Խորհրդի անդամները բարձրացրել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում հաշմանդամության հիմքով խտրականության բացառման և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված խնդիրները:
Նիստի ընթացքում բարձրացված խնդիրները հավաքագրվել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կներկայացվեն համապատասխան իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ակտիվ ներգրավվածությունը մշտադիտարկման լիազորությունների իրականացման գործընթացում՝ նպատակ ունենալով երաշխավորել իր ողջ գործունեության ընթացքում «Ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքի պահպանումը: