ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները:
Ըստ աղբյուրի՝ երկրները համաձայնել են բանակցությունների շրջանակի շուրջ՝ ուղղված երկու պետությունների միջև տևական խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչմանը և նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը։
Զգալի առաջընթաց է գրանցվել քաղաքական ուղղությամբ, քննարկումները կվերսկսվեն հունիսի 2-ին և 3-ին։ Անվտանգության ուղղությամբ բանակցությունը կմեկնարկի մայիսի 29-ին Պենտագոնում՝ երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։
Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը համաձայնել են 45 օրով երկարաձգել ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որպեսզի հնարավորություն ստեղծվի անվտանգության ուղղությամբ աշխատանքի շնորհիվ զգալիորեն բարելավել կապն ու համակարգումը Իսրայելի և Լիբանանի միջև՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ։
Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթի անունից հրապարակված հայտարարության մեջ անվտանգության և խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիք է համարվել «Հըզբոլլահ» շարժումը։