Պետությունը նախատեսում է ներել պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների կատարողական ծախսերը. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը: Այսինքն՝ պետությունը բանկերից կատարողական ծախս չի գանձի, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը ների պատերազմի մասնակցի կամ նրա հարազատի վարկային պարտավորությունը: Այս կամ այն վարկը ներելը բանկի որոշումն է, բայց պետությունը, ըստ արդարադատության փոխնախարարի, փորձում է խթանել գործընթացը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Պետությունը չի կարող բանկերին կամ վարկային կազմակերպություններին որևէ կերպ ստիպել, մասնավորների վրա պետությունն ազդեցություն չունի ու չի կարող ունենալ, բայց պետությունն իր լուման ներդնում է, որ բանկն ու վարկային կազմակերպությունը ներեն, պետությունը ներում է կատարողական ծախսը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով պետությունը բանկերից 1 տոկոսից ոչ պակաս կատարողական ծախս է գանձում, օրինակ՝ եթե 10 մլն վարկ է մարվում, ապա առնվազն 1 տոկոսը պետությանն է:
Երանուհի Թումանյանց - Կենտրոնական բանկի կողմից ունենք տվյալներ առ այն, որ, ընդհանուր առմամբ, մինչև 2021 թ. հունիսի 30-ն արդեն իսկ ներվել են 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություններ տարբեր բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից: 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 728 կատարողական վարույթներից 593-ի մասով արդեն իսկ կատարվել են զիջումներ:
2.8 մլրդ վարկային պարտավորություն ներվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին կամ նրանց հարազատներին: Գործող օրենսդրությամբ՝ բանկը կամ վարկային կազմակերպությունը, անգամ վարկը ներելու դեպքում պարտավորվում է պետությանը վճարել կատարողական ծախս:
Երանուհի Թումանյանց - Այստեղ ունենք բանկ, որը ներել է շուրջ 11 մլն-ից ավելի գումար՝ 12 վարույթների մասին է խոսքը, բանկ կա, որ ներել է 13 մլն վարկային պարտավորություն՝ 10 անձի վարույթների նկատմամբ, այլ դեպքում 129 մլն դրամ է ներել, 493 վարույթների նկատմամբ:
Օրենքի ընդունումից հետո կներվեն այն վարկերի կատարողական ծախսերը, որոնք վերցվել են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը:
Հեղինակ՝ Անի Օհանյան