Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց բոյկոտով: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը՝ իրենց բողոքն արտահայտելով, որ կառավարող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը: Խորհրդարանը շարունակեց աշխատանքը և մեծամասնության պատգամավորների քվեարկությամբ որոշեց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը փակ ռեժիմով անցկացնել, սակայն հարցի քննարկումը հանվեց օրակարգից, որովհետև հիմնական զեկուցողը բացակայում էր: Հաջորդիվ՝ պատգամավորների երդման արարողությունն էր: Պատգամավորական լիազորությունները ստանձնեց իշխող ուժի նոր պատգամավոր Միքայել Թումասյանը, որը մանդատը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցման արդյունքում:
Բոյկոտի հետևանքով պատգամավորական երդումը չտվեց «Հայաստան» դաշինքի նոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որն ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի մանդատը վայր դնելու արդյունքում է մտնում խորհրդարան: Օրենսդիր մարմնի օրակարգում էր հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու հարցը, որը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելով պետք է կյանքի կոչվի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Զարեհ Սինանյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք համագործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ներկայացրեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի փաթեթը: Պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու փոքր ՀԷԿ-երի հետ, որոնց լիցենզիաների ժամկետներն ավարտվում են, նշեց, որ տնտեսապես նպատակահարմար չէ լիցենզիաները չերկարացնել: Բաղրամյանը հավելեց, որ Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի՝ շուկայի որոշ հատված կազատականացվի։
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան:
Խորհրդարանականները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն էլ քննարկեցին: Արդարադատության նախարարության նախագծով առաջարկվում է ներել 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների կատարողական ծախսերը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Գործող օրենսդրությամբ՝ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերի կողմից պարտապաններին ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ։ Այդ է պատճառը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում ցանկանում ենք լրացում կատարել:
Կենտրոնական բանկն էլ նախագիծ ուներ՝ անկանխիկ գործարքների հետ կապված: ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրեց նախագիծը՝ առաջարկելով, որ հունվարի 1-ից ապրանքների օտարման և օգտագործման և ծառայությունների մատուցման գործարքները, որոնք 300 հազար դրամը գերազանցող են, իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: Դրամաշրջանառությունում անկանխիկ գործարքների ծավալն ավելացնելը միտված է ստվերի ու կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, քանի որ անկանխիկ գործարքների դեպքում վերահսկելի է դառնում՝ գումարը որտեղից է գալիս և ո՞ւր է գնում:
Վախթանգ Աբրահամյան (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ) - Բացի այդ, անկանխիկի անցումը, կարծում ենք, որ ավելի լայն տրամաբանության ներքո մաս է թվային տնտեսության ձևավորման մասով, սա առանցքային բաղադրիչ է:
Օրենսդիր մարմինը քննարկեց հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետի երկարաձգման հարցը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ նաև նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը մինչև տարեվերջ կլուծվի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն՝ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են, օրինակ, Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց:
ԱԺ քառօրյայի օրակարգը սպառված չէ: Օրակարգում 33 հարց է, որոնք կքննարկվեն հաջորդ նիստերին:
Հեղինակ՝ Անի Օհանյան