Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մոլդովայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Միհայ Պոպշոյի, Մալթայի արտաքին գործերի և զբոսաշրջության նախարարության Գլոբալ հարցերի, միջազգային զարգացման և տնտեսական հարցերի գլխավոր վարչության տնօրեն Նևիլ Ակուիլինայի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մասիմո Դել’Ուտրիի, Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարաբերությունների նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի, Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարաբերությունների նախարարության քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի հետ:
Զրույցների ընթացքում քննարկվել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության խորացման հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանի նախագահության կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը: Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն առավել ներառական Համաժողովի անցկացման և շոշափելի արդյունքների գրանցման վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և փոխկապակցվածության ապահովումը` լոգիստիկ ներուժի կիրարկման, ինչպես նաև տնտեսական համագործակցության խթանման համար:
ԵԽ նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերագիրը:
Ծանոթագրություն. «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվել է ՀՀ կողմից 2026 թ. մարտի 26-ին: