Ավելի հուսալի և անվտանգ: Շուրջ 5-ամսյա դադարից, վերազինումից, պլանային-նախազգուշական վերջնական նորոգումից հետո Հայկական ատոմակայանը վերսկսել է աշխատանքն ու հոկտեմբերի 17-ից միացվել միասնական էներգահամակարգին:
Արտակ Նավասարդյան (ՀԱԷԿ հերթափոխի պետ) - Թերություններ չունենք, ռադիացիոն իրավիճակը նորմալ ա:
Արված աշխատանքներն իրենց ծավալով աննախադեպ են ԱԷԿ-ի շահագործման պատմության մեջ: Արդիականացվել է մոտ 5 հազար սարքավորում՝ կատարվել է սպրինկլերային և հուսալի սնուցման համակարգերի արդիականացում, փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ավտոմատիկայի և կառավարման համակարգերը:
Արդիականացվել է նաև ատոմակայանի անվտանգության կառավարման համակարգերից՝ ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման-սառեցման համակարգը:
Հոսանքի վթարային անջատման ժամանակ ատոմակայանի կառավարման համակարգերի էլեկտրական սնուցումը կապահովեն արդեն գերմանական արտադրության նոր գերթանկարժեք սարքավորումները: Ռուսական մասնագետներն իրականացրել են ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ՝ երկարաձգելով շահագործման ժամկետը, ըստ հաշվարկների՝ մինչև 2039 թվականը: Արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից կայան են հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն, ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր և ռոտոր, մոտ 25 մ երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ սարքավորումներ:
Վերազինման արդյունքում բարձրացել է ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության դասային ցուցիչը: Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ այժմ Հայկական ԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։
Արդիականացման աշխատանքների հիմնական կապալառուն ռուսական «Ռուսատոմ սերվիս» ընկերությունն է, սակայն արդիականացման աշխատանքներին մասնակցել են նաև այլ երկրների հարյուրավոր մասնագետներ:
Այս պահին վերազինման և նոր սարքավորումներով համալրման աշխատանքները շարունակվում են երկու հովացման աշտարակներում, որը թույլ կտա մոտ 20 մեգավատով ավելացնել էներգիայի արտադրությունը: Ատոմակայանն այսօր մոտ 420 մեգավատ միջին հզորությամբ օրական արտադրում է մոտ 10 մլն կիլովատ էլեկտրաէներգիա: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով՝ ատոմակայանի կանգառի ժամանակ խնդիրներ եղան, բայց դրանք հաղթահարելի էին:
Վերազինման նպատակով հաջորդ տարի ապրիլի 1-ից ևս նախատեսվում է ԱԷԿ-ի աշխատանքների որոշակի դադար: Մինչև 2036, նույնիսկ 2039 թվականը որքանո՞վ է նպատակահարմար ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը:
Նոր ատոմակայանի կառուցման որոշումը նախանշված է էլեկտրաէներգետիկ համակարգի 2021-2040 թվականների Կառավարության ռազմավարության մեջ: Հակոբ Վարդանյանն ասում է՝ ուսումնասիրությունները սկսված են:
Ի դեպ, տարին հոբելյանական է Հայկական ատոմակայանի համար: 55 տարի առաջ կայացվեց կայանը կառուցելու որոշումը, իսկ 10 տարի անց ատոմակայանը միացավ Հայաստանի էներգահամակարգին։ Այս ընթացքում Հայկական ատոմակայանը չի գործել միայն 1989-1995 թվականներին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան