Սպորտային հոգեբանության ոլորտը պարարտ հող է աշխատանքի համար, սակայն մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից առկա ոչ միանշանակ մոտեցումները պարարտ հողը թողնում են անմշակ։ Տեսնելով բացթողումներն ու սպորտային հոգեբանության նշանակության կարևորությունը հասկանալով՝ Անժելա Բարխուդարյանը հանդես է եկել Սպորտային հոգեբանության կենտրոնի հիմնադրման նախաձեռնությամբ։ Հիմքում նրա իսկ ունեցած աշխատանքային փորձն է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի թիմի հետ։
Մասնագետը ցավով ընդգծում է, որ հոգեբանի հետ շփման մշակույթի բացակայության հարցում մեծ է նաև ինքնակոչ հոգեբանների գործոնը։ Մարդիկ, որոնք չեն ստացել մասնագիտական կրթություն, սակայն օգտվելով ոլորտի չկանոնակարգված լինելուց, պարզապես հաճախելով մեկ-երկու թրեյնինգի, սկսում են սխալ մասնագիտական աշխատանք տանել մարզիկների հետ։
Թյուրըմբռնումներն ու սխալ պատկերացումները չափազանց շատ են։ Մասնագետն ինքն է իր մաշկի վրա զգացել մարզիկների անվստահությունը։ Կան նաև դրական տեղաշարժեր։ Եղել են օրինակներ, երբ մարզիկն ինքն է խոստովանել համատեղ աշխատանքի կարևորություն մասին։
Մարզիկների արդյունավետության բարձրացման համար սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրումն ու կիրառումը միայն կարող է բարենպաստ միջավայր ստեղծել հետագա հաջողությունների համար։ Մարզիկների անհանգստություններն ու տագնապը, տարատեսակ վախերն ու անվստահությունը, գերլարվածությունն ու միջանձնային հարաբերություններում առկա անառողջ մթնոլորտը, այս ու նման հարցերը չափազանց էական են և միշտ չէ, որ դրանցից բոլորի մասին մարզիչը կամ մարզչական շտաբը կարող է տեղյակ լինել։
Նորաբաց սպորտային հոգեբանության կենտրոնն անգամ սկսել է աշխատել արտասահմանում գործող մարզադպրոցների հետ։ Հեռավար աշխատանքի օրինակ է ԱՄՆ-ում բնակվող հայ բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նշան Մունչյանի մոտ պարապող սաների հետ համագործակցությունը։ Վերջին շրջանում ակտիվ են նաև շախմատիստները, որոնք դիմում են հոգեբանի օգնությանը։ Կենտրոնի տնօրենը վստահ է, եթե ճիշտ աշխատանքի արդյունքում հաջողությունները շատանան, ապա դա օրինակ կծառայի բոլորի համար, կմեծացնի նաև վստահությունը սպորտային հոգեբանի ինստիտուտի նկատմամբ։