Օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք. միկրոբիզնեսի շեմը մենք առնվազն կկրկնապատկենք, այսինքն՝ 24 մլն է, 50 մլն կդարձնենք միկրոբիզնեսի շեմը: Դրանով մի հսկայական սեգմենտի հարց դուրս կգա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանը պետք է գնա շրջհարկից հրաժարվելու ճանապարհով, քանի որ չի կարող երկրում լինել շրջհարկ և հարկային համակարգ:
Ըստ Փաշինյանի՝ շրջանառության հարկը չի նպաստում բիզնեսի խոշորացմանը, նաև գյուղատնտեսության ոլորտում ԱԱՀ-ի հետ կապված խնդիրներ կան, ըստ որի՝ գործող համակարգի՝ և՛ շրջանառության հարկի, և՛ ԱԱՀ համակարգի պարագայում չեն կարողանում ապահովել, որպեսզի մթերքը գյուղից ուղիղ մտնի խանութ, սուպերմարկետ, և մարդիկ ստիպված են լինում բարդ գործողություններ անել, նաև ստվերում գործել:
Փաշինյանը կարծում է՝ պետք է շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ համակարգով աշխատել, բայց պետք է նաև տարբերակված ԱԱՀ համակարգ գործի, օրինակ, ԱԱՀ հարկը գյուղմթերքի պարագայում լինի 0:
«Այս տարբերակում տասնյակ հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերեր, որոնք մինչև հիմա աշխատում են շրջանառության հարկով, կաշխատեն միկրոբիզնեսի տրամաբանության մեջ: Իսկ նրանք, ովքեր հատուկ իրենց շրջանառությունը կրճատում են, որպեսզի մնան շրջանառության հարկի շրջանակներում, նրանց էլ կաջակցենք, որպեսզի ավելի շատ փող աշխատեն և ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի վճարված հարկերով ավելի լավ ենթակառուցվածքներ ստեղծենք, այդ թվում՝ կրթական, որպեսզի ավելի շատ փող աշխատեն և ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի իրենց հաջողության համար ավելի շատ ներդրումներ կարողանանք անել»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա է «պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» գաղափարական թեզի իրականացումը: