Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել և տեսանկարահանել իր արարքը:
Հիշեցնենք՝ 1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին՝ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:
Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։